event
  • 24 նմբ, 2026

WhatsApp-ը մեզ համար ամենօրյա հաղորդակցման գործիք է։ Սակայն վերջին շրջանում կիբեռհանցագործներն ավելի հաճախ են օգտագործում հենց այս հարթակը՝ օգտատերերի անձնական տվյալներին և սարքերին հասանելիություն ստանալու համար։

Ի՞նչ նոր վտանգների մասին պետք է իմանալ։
1. Վնասակար ֆայլեր՝ ծանոթ կոնտակտներից
Հարձակվողները կարող են կոտրել որևէ օգտատիրոջ հաշիվ և նրա անունից տարածել վնասակար ֆայլեր՝ ներկայացնելով դրանք որպես աշխատանքային փաստաթղթեր, լուսանկարներ կամ այլ սովորական նյութեր։ Ֆայլը բացելուց հետո վնասակար ծրագիրը կարող է ներթափանցել համակարգիչ և հասանելիություն ստանալ զգայուն տվյալներին։
2. WhatsApp հաշվի գաղտնի վերահսկում
Կեղծ հղումների կամ QR կոդերի միջոցով օգտատերերին կարող են մոլորեցնել և համոզել կապակցել իրենց հաշիվը հարձակվողի սարքին։ Արդյունքում վերջինս կարող է ստանալ հասանելիություն նամակագրությանը՝ առանց օգտատիրոջ հաշվի գաղտնաբառը փոխելու։
3. Անձնավորում և ֆինանսական խարդախություն
Հաշիվը վերահսկողության տակ վերցնելուց հետո հարձակվողները կարող են նմանակել օգտատիրոջ հաղորդակցման ոճը, գրել նրա ընկերներին կամ գործընկերներին և գումար խնդրել՝ ստեղծելով հրատապ իրավիճակի տպավորություն։


 Ինչպե՞ս պաշտպանվել։
▪️ Մի՛ բացեք անսպասելի ֆայլեր կամ հղումներ, նույնիսկ եթե դրանք ստացվել են ծանոթ անձից։
▪️ Անսպասելի հաղորդագրության դեպքում կապ հաստատեք ուղարկողի հետ այլ եղանակով՝ համոզվելու համար, որ այն իսկապես նա է ուղարկել։
▪️ Ակտիվացրեք Two-Step Verification-ը։
▪️ Պարբերաբար ստուգեք Linked Devices բաժինը և հեռացրեք անհայտ սարքերը։
▪️ Երբեք մի՛ փոխանցեք SMS-ով ստացված հաստատման կոդերը կամ մուտքի տվյալները։
▪️ Պահպանեք WhatsApp-ի և հեռախոսի օպերացիոն համակարգի վերջին թարմացումները։

Կարևոր է հիշել՝ կիբեռանվտանգությունը միայն տեխնիկական պաշտպանությունը չէ։ Այն նաև մեր ամենօրյա թվային վարքագծի և զգոնության արդյունքն է։

Մի՛ վստահեք հաղորդագրությանը միայն այն պատճառով, որ այն ստացել եք ծանոթ մարդուց։